Որտեղի՞ց է սկսվել ապօրինությունը Հրաչ Մուրադյանի գործով ձերբակալվածների հանդեպ. փաստաբանի պարզաբանումը
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեղադրանքով ձերբակալվածներ Արայիկ և Արտակ Պետրոսյանների փաստաբան Գիվի Հովհաննիսյանի հետ:
-Պարո'ն Հովհաննիսյան, ինչի՞ հիման վրա են մեղադրում Պետրոսյան եղբայրներին:
-Ճիշտ է դեռևս հստակ մեղադրանք չկա, կասկածում են դեռևս, բայց դե մինչև հիմա հիմնավորում էլ չկա, կասկածներ և հիմնավորումներ դեռևս ինձ չեն ներկայացրել: Իմ համոզմամբ՝ նրանք անմեղ են, որևէ հանցավոր արարք չեն կատարել: Մեղադրանք դեռ չկա, կարող է առաջադրվի, կարող է` ոչ, չեմ կարող ասել: Ինձ հիմա են կանչել ոստիկանություն, տեսնենք ինչ են ասում: Որևէ ապացույց չկա, այն համոզմունքը, որ նրանք անմեղ են՝ կա ու կա:
-Ականատեսներ էլ չկա՞ն:
-Չգիտեմ ականատեսներ կան թե չէ, բայց ինձ որևէ ապացուցներ չեն ներկայացրել:
-Ե՞րբ են նրանց կանչել ոստիկանություն և ե՞րբ են ձերբակալվել:
-Ապրիլի 2-ին՝ ժամը մոտավորապես 14:30-ի սահմաններում ոստիկանության բաժանմունք են կանչել Արտակ Պետրոսյանին, իսկ 21:00-ի սահմաններում Արայիկ Պետրոսյանին: Նրանք ներկայացել են բաժանմունք, գիշերը պահել են նրանց բաժանմունքում, այնուհետև տեղափոխել են: Որևէ փաստաթղթավորում չի եղել դրա վերաբերյալ, հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, ժամը 22:00-ի սահմաններում նոր ձերբակալել են: Հենց այդտեղից էլ սկսվել է ապօրինությունը:
-Հրաչ Մուրադյանի նախկին մրցակից Արթուր Մուրադյանի թիմակից լինելը կարո՞ղ էր ձերբակալության պատճառ հանդիսանալ:
-Թիմակիցը ի՞նչ, հո միավորո՞ւմ չի, որ թիմակիցներ լինեն: Մեկը մյուսի թիմից է կամ ոչ դա հիմք չի, որպեսզի կասկածեն, թե անձը կատարել է սպանություն կամ հանցագործություն: Ընդհանրապես ապացույց չկա, գոնե մի ապացույց լինի, քննարկենք դա ինչքան է վերաբերում նրանց, ինչքանով է հիմնավոր: Որևէ տեղեկություն չկա, որ ես դրա վրա հարցը քննարկեմ:
-Եղբայրներն արդեն ցուցմունք տվել են:
-Որպես ցուցմունք չէ, իրենք ուղղակի իրենց առօրյա կյանքն են ներկայացրել, որտեղ են եղել, ինչ են արել, այդ օրը ինչով են զբաղված եղել: Մարդը չի ասել, որ ինքը մեղավոր է, ընդհանրապես տեղեկություն չունի:
-Ոստիկանները հետախուզել են Պետրոսյանների բնակարանը, որևէ կասկածելի բան գտե՞լ են, թե՞ ոչ:
-Խուզարկություն կատարվել է, իմ իմանալով ոչինչ չի գտնվել:
-Մոտ երեք տասնյակից ավել մարդու են հարցաքննել ոստիկանությունում, ինչո՞ւ հենց Արայիկ և Արտակ Պետրոսյաններին ձերբակալեցին:
-Այ այդ հարցն էլ է ինձ հետաքրքրում, ուզում եմ իմանալ, թե ոստիկաններն ինչո՞ւ հենց նրանց ձերբակալեցին: Ինչո՞ւ հենց նրանց, չեմ կարող ասել:
- Դուք տեղյա՞կ եք, թե ոստիկանությունից ինչ են ասում Պետրոսյաններին ձերբակալելով վերջացել է փնտրտուքը, թե շարունակում են հանցագործներ փնտրել:
-Չեմ կարող ասել, թե ոստիկանությունը ինչ է մտածում, համենայնդեպս փաստն այն է, որ ձերբակալել են: Կարող է բավարարվել են, կարող է շարունակում են հանցագործներին փնտրել: Դա իմ շրջանակներից դուրս է:
Զրուցեց Բ. Արաբյանը