Ադրբեջանից արտաքսել են շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած բրիտանացի հեծանվորդին
Մեկնաբանելով Ադրբեջանից իր արտաքսումը՝ բրիտանական Իպսվիչ քաղաքի բնակիչ Գարի Թեյլորը, մասնավորապես, նշել է. «Կասկածում եմ, որ երբևէ կվերադառնամ Ադրբեջան»: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Թեյլորը այն բանից հետո, երբ կորցրել է աշխատանքը և բաժանվել ընկերուհուց, որոշել է մեկնել շուրջերկրյա ճանապարհորդության: 12 երկիր այցից հետո նա Ստամբուլում երեք անգամ վթարի է ենթարկվել, իսկ Վրաստանում կոտրել է ատամը ընկույզ ուտելիս:
Այն բանից հետո, երբ բրիտանացին մեկնել է Ադրբեջան, նրա լուրջ խնդիրների առջև է կանգնել: Բաքվում նա մեկ շաբաթ ապրել է բրիտանացիների ընտանիքում: Երբ որոշել է տոմս փնտրել, որպեսզի հատի Կասպից ծովը, նրան բերման են ենթարկել Միգրացիոն ծառայությունում: Հեծանիվի գրանցման բացակայության պատճառով նրան արտաքսել են՝ արգելելով հետագայում այցելել երկիր: