Թուրքիայում հայ պատգամավորը լուծել է հայերի համար կարևոր խնդիրը
Թուրքիայում քրդական «Ազգերի ժողովրդավարական կուսակցության» կողմից ընտրված Գարո Փայլանը լուծել է Թուրքիայի հայերի համար կարևորագույն խնդիրներից մեկը:
Ինչպես հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի նիստի բացման ընթացքում հանդիպել է Թուրքիայի Ազգային կրթության նախարար Նաբի Ավջիիի հետ և բարձրացրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների ընդունելության հարցը՝ առանց էթնիկական կոդավորման: Գարո Փայլանը հայտնել է նախարարին, որ նոր օրենսդրություն անհրաժեշտ չէ և միայն բավական է որոշում ընդունել: Դրանից հետո նախարարը համապատասխան որոշում է ընդունել, ըստ որի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները կընդունվեն դպրոցներ՝ ընդամենը դիմելով տնօրենին:
Նշենք, որ 2 տարի առաջ հայտնի է դարձել, որ Թուրքական Հանրապետության ստեղծման ժամանակներից հայերը գաղտնի կոդեր են կրում: Այս ամենը պարզվել է, երբ հայկական ընտանիքի երեխային չեն ընդունել հայկական դպրոց՝ նշելով, որ հայերը կրում են կոդ 2-ը, իսկ երեխայի մոտ դա բացակայում է: