Չի կարելի ժողովրդին անտեսել. Սոնա Շահգելդյան
Բաղրամյան 26-ը չնայած պարբերաբար «հանգստացնող» հայտարարությունների, շարունակում է մարդաշատ մնալ և պայքարել հանուն արդարության: Էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ պայքարողներին է միացել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը: Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Սոնան նշեց, որ կարևոր չէ, թե ինքը երգչուհի է թե ոչ, և այս պահին իր ժողովրդի կողքին է, քանի որ նրա մի մասնիկն է: Երգչուհին կարծում է, որ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, և արդյունքի կհասնենք, եթե միահամուռ ու պայքարող լինենք:
«Գիտեք, որ ես միշտ դիպուկ ճշմարտությունը բոլորի երեսին ասում եմ, պայքարող եմ: Ինչպես տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիայի ժամանակ, այնպես էլ հիմա, ես, չնայած զբաղվածությանս, ժողովրդի կողքին եմ, սակայն զուսպ եմ անում այդ ամենը՝ առանց հրապարակայնության: Սիրում եմ գործով ապացուցել»,-ասաց Սոնա Շահգելդյանը:
Մեր թղթակցի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության մասին, որ հոսանքի գնի բարձրացումն իր պատճառներն ունի և որպես օգնություն 105.000 նպաստառու 2000-ական դրամ ավել կստանա, երգչուհին պատասխանեց. «Ես չեմ ուզում քաղաքական դաշտ մտնել,սակայն չեմ կարող անտարբեր լինել, երբ հազարավոր մարդիկ ցանկանում են լքել երկիրը: Նրանք էլ են ցանկանում մնալ, ապրել իրենց երկրում ու աշխատել: Չի կարելի ժողովրդին անտեսել: Ես այստեղ եմ ծնվել և շարունակելու եմ ապրել այստեղ, իսկ երկիրը թող լքեն ոմանք»