Քաղաքագետ, որպես այդպիսին, Հայաստանում առանձնապես չեմ նկատում. լավ կլինի, որ քաղաքագետները գնան այբուբենը սկզբից սովորեն. Վահան Հովհաննիսյան
Operativ.am-ի թղթակիցն առաջիկա ավագանու ընտրությունների, ներքաղաքական վերջին դեպքերի, քաղաքականության մեջ երիտասարդների դերի և Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին զրուցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ.
-Պրն. Հովհաննիսյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՅԴ-ի շանսերն ավագանու ընտրություններին, հատկապես այն հանգամանքից հետո, որ ՀՅԴ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին.
-ՀՅԴ-ի կառույցն ամեն ինչ կանի հաղթելու համար, բայց կանխատեսումներ անել չեմ կարող:
-Ի՞նչ կասեք ՀՅԴ-ի ցուցակի մասին, ըստ Ձեզ՝ այն հաջողվա՞ծ է:
-Իմ խորին համոզմամբ՝ այն բոլոր ներկայացված ցուցակներից ամենալավն է:
-Պրն. Հովհաննիսյան, որոշ քաղաքագետներ այն տեսակետն են հայտնում, թե ՀՅԴ-ի ավելի տարեց պատգամավորները կառչած եմ իրենց աթոռներից և չեն պատրաստվում իրենց տեղը զիջել երիտասարդներին, ի՞նչ կասեք այս մասին:
-Ես չգիտեմ` որ քաղաքագետների մասին է խոսքը, բայց քաղաքագետ, որպես այդպիսին, Հայաստանում առանձնապես չեմ նկատում: ՀՅԴ-ի մեջ ոչ ոք իր աթոռին կառչած չէ. կարող եք վստահ լինել: Հասարակ մի օրինակ քաղաքագետ կոչվածների՝ ՀՅԴ-ն, երբ կոալիցիայից դուրս եկավ, ՀՅԴ-ական բոլոր նախարարները, ԱԺ փոխնախագահը, շատ հանգիստ ստորագրեցին իրենց հրաժարականները և դուրս եկան իրենց պաշտոններից, Հայաստանում ոչ մի ուրիշ կուսակցության նման բան անել չի հաջողվել, ուստի լավ կլինի, որ քաղաքագետները գնան այբուբենը սկզբից սովորեն:
-Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ-ի շարքերում այնքան էլ երիտասարդ պատգամավորներ չկան:
-Եթե Դուք համարում եք, որ օրինակ Արմեն Ռուստամյանը կամ Արծվիկ Մինասյանը տարեց մարդիկ են, ապա չգիտեմ` ինչ ասել:
-Խոսքը բացառապես շատ երիտասարդ պատգամավորների մասին է, ինչպիսին կան ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում:
-Հատկապես ՀՀԿ-ում մի շարք երիտասարդ պատգամավորներ կան, որոնք ափեղ-ցփեղ բաներ են խոսում իրենց ելույթի ժամանակ, խայտառակում են և՛ իրենց կուսակցությունը, և՛ երկրի նախագահին. կարծում եմ, որ երիտասարդությունը միշտ չէ, որ դրական ազդեցություն է թողնում:
-Պրն. Հովհաննիսյան, երբ ՀՅԴ-ն սատարեց «Ժառանգության» առաջնորդին, այն տեսակետը հայտնեց, թե ՀՅԴ-ն երբևէ չի մտնում այն գործընթացների մեջ, որի վերջը չի տեսնում, արդյոք վերջը չտեսնելն էր պատճառը, որ այլևս ՀՅԴ-ական պատգամավորներ չկան Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
-Մենք համակերպված, պլանավորված աշխատանքի կողմնակիցներ ենք, այն, ինչը մենք ցանկանում էինք տեսնել որպես շարժում, պետք է լիներ իշխանությունը փոխելու ուղղությամբ, սակայն այն շատ էմոցիոնալ և զգացմունքային մակարդակով է կառավարվում, եթե ընդհանրապես կառավարվում է: Ուստի շատ դժվար է նման պրոցեսին համագործակցելը:
-Պռոշյանի գյուղապետ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանության գործը պե՞տք է քաղաքականացնել:
-Ոչ մի դեպքում չի կարելի քաղաքական շահարկումների տեղ տալ, այդ ողբերգությունը քաղաքական շահարկումների առարկա չէ, իսկ թե քաղաքական դրդապատճառներ եղել են, թե ոչ, դա պետք է պարզի քննությունը, իսկ շահարկումներն անթույլատրելի են:
Հրաչ Մուրադյանն իսկական հերոս է, ազգային հերոս կարելի է ասել իր մասին և իր անվան մասին շահարկումներ անել կամ անհարգի հայտարարություններ, ինչպես արեց Կոտայքի մարզպետը և որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ, այդ հենց իրենք են քաղաքական շահարկումներ անում:
-Իսկ այդ սպանությունը կդառնա հերթական սպանություններից մեկը, որն այդպես էլ չի բացահայտվի:
-Դա արդեն ոստիկանության աշխատանքն է` բացահայտել սպանությունը:
-Հավատու՞մ եք նրան, որ Ձեր կուսակից ընկերոջը սպանողը կստանա իր պատիժը:
-Ցանկանում եմ հավատալ, որ այդպես կլինի և եթե անհրաժեշտ է ինչ-որ բան անել, պատրաստ եմ անել:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը