Հրաչ Մուրադյանի նախկին մրցակիցը կրկին կառաջադրի՞ իր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար. պարզաբանում է հենց մրցակիցը
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ-ական Պռոշյանի գյուղապետի նախկին թեկնածու Արթուր Մուրադյանի հետ օրեր առաջ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի վերաբերյալ:
-Պարո'ն Մուրադյան, Դուք` որպես Պռոշյանի գյուղապետի նախկին մրցակից, այժմ կրկին կառաջադրվե՞ք որպես Պռոշյանի գյուղապետի թեկնածու:
-Նման հարցերի վերաբերյալ ոչ մի խոսք չկա, ոչ էլ մտադրություն կա:
-Այսինքն` չեք բացառում առաջադրվելը թե՞…
-Ես` ոչ, ժամանակը ցույց կտա, համենայն դեպս ես իմ կարծիքն եմ ասում ես էլի, անձամբ ես երևի չէ:
-Հայտնի է, որ ոստիկանությունում ձերբակալվածներ կան: Վարկած կա, որ նրանք Ձեր թիմակիցներն են:
-Տեղեկություն չունեմ: Միայն գիտեմ, որ ձերբակալվածներ կան:
-Իսկ որ Պռոշյան գյուղից են, այդ դեպքում էլ Դուք նրանց ընդհանրապես չե՞ք ճանաչում:
-Որպես Պռոշյանի համայնքի գյուղացի ճանաչում եմ:
-Փաստորեն Դուք ժխտու՞մ եք, որ ձերբակալվածները Ձեր թիմակիցներն են:
-Թիմակիցնե՞րը: Թիմակից հասկացողությունը չեմ հասկանում ինչ է, թիմակից չեն, որովհետև շփվել ենք որպես համագյուղացիներ, ոչ թե թիմակիցներ:
-Այն, որ գյուղապետի ընտրություններից հետո ծեծկռտուք էր տեղի ունեցել Ձեր և Հրաչ Մուրադյանի միջև ի՞նչն էր պատճառը:
-Ուրեմն, պարոն Մուրադյանի վերաբերյալ ձեզ մի բան ասեմ. ոչ մի վեճ չի եղել, ոչ մի կռիվ չի եղել, պարոն Մուրադյանն իմ մարտական ընկերն է եղել, ես առաջին հերթին ցավում եմ նրա համար, երկրորդ հերթին էլ մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել ընտրություններից հետո էլ: Թե՛ գործնականում, թե՛ հանդիպման վայրում, որ մեր զոհված ազատամարտիկների, մեր ընկերների միջոցառումներին հանդիպել ենք, շատ ջերմ ենք եղել, մենք խնդիրներ չենք ունեցել ընդհանրապես: Մենք ուղղակի թեկնածուներ ենք եղել, թիմակիցներ ենք եղել, ուղղակի այսքան բան, դրանից հետո էլ մեր մեջ ոչ մի բառ չի եղել:
-Իսկ որ այդքան մտերիմ եք եղել, չե՞ք նկատել, նա ունեցե՞լ է թշնամիներ, ո՞վ կարող է լինել սպանության հեղինակը: Գուցե ուներ թշնամիներ, որոնց մասին Դուք տեղյակ էիք:
-Չէ, թշնամիներ ինքը չուներ, չի էլ ունեցել: Չեմ կարծում, չգիտեմ, դրա մասին ես չեմ կարող ասել: Դա կպարզաբանի ոստիկանությունը:
-Իսկ Ձեզ ոստիկանություն կանչելու պատճառը կամ մեղադրանքը ո՞րն էր:
-Որպես թեկնածուի, ինչ կարծիք ունես, ոնց որ դուք եք հարցեր տալիս, նույն հարցերը: Ուրիշ ոչ մի բան:
-Եթե ականատես էլ չեք եղել, ինչո՞ւ հենց Ձեզ ոստիկանությունը կանչեց հարցաքննության: Ինչի՞ հետ եք կապում դա:
-Ես ականատես չեմ եղել, որովհետև ես պատրաստվում էի իմ գործերով գնայի, և դեպքի վայրում ընդհանրապես չեմ եղել, որպես նախկին թեկնածուի:
Զրուցեց Բեթղեհեմ Արաբյանը