Իրավիճակում հանգուցալուծումը պետք է լինի Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոս կապիտալի պահպանումը, այլ ոչ թե մսխումը. Գագիկ Մինասյան
Այսօր ՀՀԿ Աժ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններից հետո չկարողացավ իրացնել իր վաստակած աննախադեպ մեծ քանակությամբ ձայները: Ըստ նրա` նման պարագայում ընդդիմադիր դաշտում կլիներ նոր լիդեր, որը սակայն տեղի չունեցավ:
Գագիկ Մինասյանը խորհուրդ է տալիս սպասել մինչև ապրիլի 9-ը: Նա հուսով է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կպահի իր խոստումը և այդ շարժումը չի տանի անտրամաբանական ցնցումների ճանապարհով:
Ըստ նրա` քաղաքականության մեջ հնարավոր չէ ինչ-որ բան լուծել մեկ հարվածով: Նա կարծում է, որ հաջողության հասնելու գրավականը հանդիսանում է տևական և քրտնաջան աշխատանքը:
Գ. Մինասյանը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանի` 37 տոկոս կապիտալի պահպանումը, այլ ոչ թե մսխումը:
Անդրադառնալով ավագանու ընտրություններին` ՀՀԿ պատգամավորը հավելեց, որ հաջողություն ունենալու դեպքում, նա կարող է հաջողություն ակնկալել նաև ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններում: