Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները համարում լավագույնը՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ
Operativ.am-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը վերսկսվել է: Բարևարշավին մասնակցում են նաև ընդդիմադիր գործիչներ, ովքեր տարբեր վայրերում ելույթ են ունենում հանրության առաջ:
Մարտունիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթի ժամանակ նա տեղի բնակիչներին ասաց. «Այս ընտրությունները ցույց տվեցին մի բան, որ հայ ժողովուրդը ոգեղեն ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է, հաղթող ու հաղթած ժողովուրդ է»: Այնուհետև նա ավելացրեց, որ ինքը որոշ առումով համամիտ է, որ վերջին նախագահական ընտրությունները լավագույնն են Հայաստանի պատմության մեջ:
Նրա խոսքով, երբ ժողովուրդը դե յուրե արձագանքի, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում, այդ ժամանակ էլ այս ընտրությունները կդառնան լավագույնը:
Սակայն, քանի դեռ այդ գործընթացը տեղի չի ունեցել, պետք չէ փետրվարի 18-ին տեղի ունեցածը համարել ընտրություն, դա իշխանության բռնագրավում է:
Ինչ վերաբերում է այն խոսքերին, թե քաղաքացին վախենում է և չի մասնակցում ներքաղաքական անցուդարձին կամ վախեցնում են նրան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի հավատում, որ հայ քաղաքացին վախկոտ է կամ հնարավոր է նրան վախեցնել, որովհետև նա պայքարել և հաղթել է սովետական բռնապետության դեմ, պայքարել և հաղթել է թշնամու դեմ, և նույն քաղաքացին պայքարելու և հաղթելու է բռնապետության դեմ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական մակարդակով չի սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը տեսնելով կանգնել է ժողովրդի ընտրած թեկնածուի կողքին: