Այսօր բեմանկարիչ Լիդիա Գևորգյանի ծննդյան օրն է
Ծնվել է 1940թ. հունիսի 14-ին, Հունաստանի Կոմոդինի քաղաքում: Կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի կինն է: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1958թ. ավարտել է Երևանի թիվ 28 միջնակարգ դպրոցը: 1960-65թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գունանկարի բաժնում:
1966-2005թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող նկարիչ: Եղել է բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչը: Ֆիլմերից են` «Կտոր մը երկինք», «Մայրական տուն», «Ճերմակ անուրջներ», «Ծաղրածուի ժպիտը», «Ախթամար», «Ավդոյի ավտոմեքենան», «Տերը», «Ուր էիր, մարդ Աստծո» և այլն:
Որպես բեմադրող նարիչ հանդես է եկել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: