Այսօր հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
1903 թվականի հունիսի 6-ին ծնվել է հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը:
Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Առանց սկզբնական երաժշտական գիտելիքների ընդգրկվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։
Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։