Մոսկվայում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» գիրքը (լուսանկարներ)
Մայիսի 31-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԼՂՀ Նախագահի օգնական, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, գրող Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» ռուսերեն գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրքի հեղինակը, տպագրության նախաձեռնողները, քաղաքական ու հասարակական մի շարք կազմակերպությունների անդամներ, հայ- ռուս մամուլի ներկայացուցիչներ և պարզապես հեղինակի ստեղծագործական ժառանգությանը հետևող ընթերցասերները:
Գրքում հեղինակը հավաքագրել է 1992-1994 թթ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմական շրջանին վերաբերող փաստերով հիմնավորված նյութեր՝ հուշեր, նամակներ, տպավորություներ ու մի շարք հոդվածներ, որոնց օգնությամբ սիրո, ընկերության, պատերազմական՝ արյան և կրակի միջոցով խաղաղության հաստատման ճիգերի և այլ մարդկային բարձր արժեքների թեմաներին է հպվում և ընթերցողին հնարավորություն տալիս ոչ միայն վերապրել անցած տարիներին տեղի ունեցած ահարկու դեպքերը, այլև սթափ գնահատական տալ իրավիճակի դինամիկ զարգացումներին:
Իր տեսակով եզակի այս փաստագրական գիրքը լույս է տեսել «Ժամ» ամսագրի գլխավոր խմագիր Աննա Գիվարգիզյանի նախաձեռնությամբ:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Աննան ասաց, որ ժամանակակից ստեղծագործող անհատը պատասխանատու է գալիք սերունդների առաջ իր թողած գրական ժառանգությամբ և այդ է պատճառը, որ իրենց ամսագիրը հանձն առավ իր տեսակով եզակի այս գրքի տպագրությանը, քանզի Աշոտն այս դեպքում ոչ թե պարզապես պատերազմի ականատես է, այլև մասնակից (ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության ընթացքում ծանր վիրավորվել է) և լրագրող, ով պաշտպանված չէ ո՛չ ճակատից և ո՛չ թիկունքից, քանի որ պատերազմական շրջանի մամուլը ճշտի և ստի, թույլատրելիի և անթույլատրելիի աբսուրդ-բալանսն է, իսկ հետպատերազմական հայացքը՝ այս դեպքում հավաքագրած փաստագրական նյութերի օգնությամբ՝ տեղի ունեցածի օբյեկտիվ արձագանքն ու անաչառ գնահատականը:
Հեղինակի խոսքով՝ գիրքը մեծ դաստիարակչական բնույթ է կրում նոր սերնդի համար, քանի որ նրանում ցույց է տրվում պատերազմի թոհուբոհով անցած ու հայրենիքն ազատագրած ժողովրդի անցած ուղին, որն այսօր էլ քարից հաց է քամում ու ամուր կառչած մնում հայրենի հողին՝ այն անսասան պահելու հավերժ ուխտով: