Ադրբեջանական բանակում հերթական զինվորական կորուստն է գրանցվել
Ադրբեջանական բանակում հերթական զինվորական կորուստն է գրանցվել: Կասկածելի հանգամանքներում 2015 թվականի ապրիլի 21-ին մահացել է Ադրբեջանի զինված ուժերի թիվ 171 զորամասի Գեդաբեկի «Գարթալ 2» կոչված ստորաբաժանման 25-ամյա պայմանագրային զինծառայող Սամեդ Ալի օղլու Միրիևը: Նրա մայրն ու ազգականները պնդում են, որ Սամեդ Միրիևին սպանել են նրա ընկերները:
«Որդուս սպանել են 4 պայմանագրային զինծառայողներ: Կորպուսի ներկայացուցիչները կեղծ լուրեր տարածեցին, թե որդիս ինքնասպանություն է գործել: Որդուս դիակը տվեցին երկու պայմանագրային զինծառայողների ձեռքը: Նրանք թույլ չտվեցին անգամ լողացնել դիակը: Որդուս հուղարկավորեցին գործադիր ղեկավարի ճնշման տակ: Ասացին՝ կօգնեն, Սամեդին շեհիդի կարգավիճակ կտան: Ոչինչ չարեցին: Թաղման հաջորդ օրը գնացի Ղազախի ռազմական դատախազ Շահին Զամանովի մոտ: Այս մասին գրում է Sia.az-ը:
Առանց ստանալու փորձաքննության եզրակացությունը՝ նա ասաց, թե որդիս ինքն է խփել իրեն: Մահվանից առաջ որդիս եղբորը` Նիջաթին sms էր ուղարկել և նշել, որ ինքը մահանում է, և իր արյան համար պատասխանատու են Ջավադովը, Աբիլովը, Հաջիևը ու Գարաևը: Պայմանագրային զինծառայողր Հաջիևը որդու հեռախոսի միջից ջնջել էր այդ ուղերձը: Նրանցից միայն Ջամալ Հաջիևին գիտեմ: Որդիս գրել էր.
«Նրանք միացել են իրար ինձ կոտրելու համար, չկարողացան և կռիվ սարքեցին»: Ռազմական դատախազ Շահին Զամանովին հարցրի` այդ ինչպես է, որդուս ուղարկած ուղերձը հեռախոսից ջնջվել է նրա մահվանից հետո, ասաց` ինքն է ջնջել: Էդ ոնց է, որ մարդը կարող է մահանալուց հետո sms ջնջել: Հետո էլ ասաց, թե Հաջիևը հեռախոս չի ունեցել, օգտվել է որդուս հեռախոսից և պատահաբար ձեռքը դիպչել և ջնջել է ուղերձը: Ասում եմ, իսկ ինչու է այդ մարդկանց անունները նշել ուղերձում, պատասխան չտվեց», -պատմել է զինվորի մայրը:
Ադրբեջանի պաշտոնական կառույցները չեն անդրադարձել Բաքվի պետհամալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած զինծառայողի կասկածելի մահվան հանգամանքներին: Զինվորի մայրը Youtube-ում հանդես է եկել տեսադիմումով, որում համոզմունք է հայտնել, որ որդին մահացել է ոչ թե շենքի 4-րդ հարկից ընկնելու հետևանքով, ինչպես ներկայացրել են զորամասում, այլ նրան սպանել և նետել են ցած: