Հաղթանակած Շուշի քաղաքի մշակութային հարստությունների բացահայտման հետքերով (լուսանկարներ)
Մայիսի 9-ը Շուշիի Կերպարվեստի թանգարանի համար ոչ թե եռատոն, այլ քառատոն է: 2 տարի առաջ՝ հենց այդ օրը, պաշտոնապես իր դռները բացեց թանգարանը: Operativ.am-ի թղթակիցը գտնվելով Շուշիում, զրուցեց Շուշի քաղաքի ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց թանգարանի գործունեությանը:
«2013թ-ից սկսած Կերպարվեստի թանգարանում կա մոտ 500 աշխատանք, որոնք բոլորը նվիրատվություն են: Նկարները տրամադրում են տարբեր տեղերից, թե՛ անհատ նկարիչները, թե՛ ՀՀ նկարիչների միությունը, և թե անգամ զբոսաշրջիկները»,- իր խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը:
Լուսինե Գասպարյանը նաև ընդգծեց, որ համագործակցում են ոչ միայն նվիրատվողների, այլ նաև արցախցիների հետ, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներն այստեղ կարողանում են ցուցահանդես-վաճառք իրականացնել: «Ամիսը մոտ 3 ցուցահանդես ունենում ենք: Սկզբնական շրջանում նոր աշխատանքները տեղադրում ենք նախասրահում: Շատ այցելուներ ենք ունենում ովքեր հաճույքով են գալիս աշխարհի տարբեր վայրերից»,- նշեց թանգարանի տնօրենը, հավելելով, որ այցելուների պակասը ձմռան ամիսներին լրացնում են դպրոցականներին թանգարան բերելով:
Մշակութային Շուշի քաղաքը հարուստ լինելով թանգարաններով ՝ ինչպիսիք են գորգերի, կերպարվեստի, երկրագիտության, պատմության թանգարանները, Լուսինե Գասպարյանը հավաստիացրեց, որ ինտերակտիվ կրթական ծրագրեր ևս իրականացվում և խթանում են մշակույթի զարգացմանը:Այստեղ գործում է արվեստի ստուդիա, ձեռքի աշխատանքների, նկարչության խմբակներ: Շուշիում է գտնվում նաև Նարեկացի մշակույթի կենտրոնի մասնաճյուղը, արվեստի դպրոցը:
Թղթակցի այն հարցին, թե տղաները, թե աղջիկներն են ավելի նախաձեռնող և ավելի ակտիվ մասնակցություն ունենում խմբակներին՝ ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց. «Ճիշտն ասած այստեղ տղաները հաղթանակող ազգի սերունդ են, պայքարի ոգին, նախաձեռնողի ոգին, մարտնչողի ոգին, իր արժեքների տեր կանգնողի ոգին Շուշիում շոշափվում և զգացվում է: Եվ նրանց թիվը չի զիջում աղջիկների թվին»:
Եվ վերջում խոսելով նաև առաջիկա միջոցառումների մասին Լուսինե Գասպարյանը նշեց, որ հուլիսին տեղի է ունենալու միջազգային սիմպոզիում, իսկ հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրը, տեղի կունենա մանկական հագուստի, ազգային տարազի ցուցահանդես: