Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ազնավուրին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Լևենթ Գյումրուքչուն արձագանքել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, ՅՈւՆԵՍԿՕ-ում, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի այն խոսքերին, որը նա հնչեցրել է շվեյցարական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Ըստ Ազնավուրի' Էրդողանը ժամանակին ասել է հայերի ու հույների հանդեպ ունեցած ատելության մասին:
«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ' Գյումրուքչուն հերքել է Էրդողանի մասին արված այդ մեկնաբանությունը' պնդելով, որ Թուրքիայի վարչապետը երբեք նման բան չի ասել: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը միևնույն ժամանակ նաև նշել է, որ իրենք ողջունում են աշխարհահռչակ երգչի' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հավատում, որ հայերի և թուրքերի միջև կգա պատմական համերաշխության օրը: