Այսօր աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՏեսանյութերՇառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, մայիս 22, 1924, Փարիզ), ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը;
Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009 թ. մայիսի 4-ից՝ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ "Aznavour toujours" ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։[
Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»։
Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թ. մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թ. հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թ. հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ 1990 թ. նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Ներկա պահին նա բնակվում է Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։
Նրա երաժշտականությունը և փառքը արտերկրում առկա է փոփ մշակույթի շատ այլ ոլորտներում ևս։ Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թ. մեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում։ Նրա "Parce Que Tu Crois" երգը նմուշօրինակ է եղել հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի "What's the Difference" երգի համար (մասնակցությամբ Էմինեմի և Xzibit-ի) 2001 թ. ալբոմից։ Ազնավուրի անունը հիշատակվում է The Psychedelic Furs անգլիական ռոք խմբի "Sister Europe" («Քույր Եվրոպա») երգում ("The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour" «Ռադիոն հատակին է/Հիմարություն է, նա Ազնավուր է երգում»)։
Ազնավուրը հաճախ է կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր տխրահռչակ առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ (5 ֆտ 3 դյ)։