Այսօր ականավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է
Համո Բեկնազարյան (մայիսի 19 1892, Երևան - ապրիլի 27 1965, Մոսկվա), հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935թ)։ Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է:
Համո Բեկնազարյանը 1914 թ սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին։ Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում։
1918թ ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել)։ 1921 թ գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր։ 1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան։ 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»ը։ Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը։ Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության և ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան։ Այդ տարիներին նա սիմվոլիկ գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Զարե», «Շոր և Շորշոր» ։ Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպո»ն, դարձավ ոչ միայն Բեկնազարյանի գլուխգործոցը, այլև տեղ գտավ ժողովրդական կինոյի ոսկե պահոցում։ Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր՝ «Դավիթ Բեկ» (1943թ) և «Զանգեզուր» (1938թ)։ Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել։ «Երրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։ Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։
Համո Բեկնազարյանը սովորել է Երևանի, ապա՝ Տաշքենդի գիմնազիաներում, 1918 թ-ին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։
1915 թ-ից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թ-ից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923 թ.), «Կորսված գանձեր» (1924 թ.), «Նաթելլա» (1925 թ.) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։
1925 թ-ին հրավիրվել է Երևան և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թ-ին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։
Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։
Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն։ Բեկնազարյանը կինոնկարներ է ստեղծել նաև այլ երկրների կինոստուդիաներում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թ., Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք», 1954 թ., Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թ., կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ)։
Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։
Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ կինոգետներ։
Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թ.՝ ռուսերեն, 1968 թ.՝ հարերեն) գրքի։
Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան։