Թուրքիայում սպանված Սևակի ծնող. «Ինչո՞ւ եք Թուրքիայում քրիստոնյաներին բանակ տանում»
«Արդարություն Սևակի համար» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլում քննարկել է Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավիճռը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, քննարկմանը ներկա են եղել նաև Սևակի ծնողները և փաստաբան Ջեմ Հալավուրթը: Վերջինս ուշադրություն է հրավիրել նախաքննական գործընթացի թերությունների վրա. դեպքի վայրի տեղազննության և դատախազության եզրակացության արձանագրությունները կազմված են եղել մակերեսորեն, ինչի հետևանքով էլ մեջտեղ է բերվել չկանխամտածված սպանության հանգամանքը:
Սևակի հայրը' Կարապետ Բալըքչըն արձագանքելով այն փաստին, որ Թուրքիայի Հանրապետությունում սպանված քրիստոնյա զինվորները նահատակ (şehit) չեն համարվում, ասել է «Հապա ինչո՞ւ եք Թուրքիայում քրիստոնյաներին բանակ տանում»:
Անդրադառնալով դատավճռին' հայտարարել է, որ այն իրենց չի բավարարում, և մտադիր են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարանում: «Այստեղ էլ, եթե արդյունք չլինի, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Մեզ միայն ճշմարտության բացահայտումը կբավարարի: Ես դա եմ ակնկալում: Սա հանցագործություն էր և ուրիշ ոչինչ»,-եզրափակել է Սևակի հայրը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: