Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին
Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր արտակարգ և լիազոր դեսպան Լևենթ Շահիկայային՝ ի պատասխան նրա, որ այդ երկրի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Timeturk գործակալությանը:
«Մենք խստորեն դատապարտում և կտրականապես հերքում ենք Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը, որը 1915 թ տեղի ունեցածը անվանում է «Ցեղասպանություն»: Երբ խորհրդարանականները իրենց դնում են միջազգային դատարանի տեղ, ապա նրանք բռնություն են իրականացնում պատմության և իրավունքի դեմ: Մենք ետ ենք կանչել մեր դեսպանին, իսկ Թուրքիայում գտնվող Լյուքսեմբուրգի դեսպան Արլեթ Կոզեմիուսին կանչվել է ԱԳՆ՝ խորհրդակցության համար»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը համապատասխան բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: