Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը պարտավոր են հանգուցալուծում գտնել. Անահիտ Բախշյան
Operativ.am-ի թղթակիցը հետընտրական զարգացումների մասին զրուցեց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ.
«Խնդիրն արդեն Րաֆֆի Հովհաննիսյան - Սերժ Սարգսյան երկու անձանց միջև չէ, սա մի լուրջ իրավիճակ է, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը պարտավոր են հանգուցալուծում գտնել. սրանք մեր պետականության առջև ծառացած խնդիրներ են, որոնք լուծելու համար երկուսն էլ պետք է դրսևորեն բացառիկ հանդուրժողականություն, հասարակությունը սպասում է, չի կարելի հիասթափեցնել ժողովրդին, չի կարելի ինչ-որ սկզբունքներ վեր դասել իրականությունը հանգուցալուծելու խնդիրներից»,- նշեց Բախշյանը:
Բախշյանի համոզմամբ՝ եթե այս խնդրին լուծում չտրվի, և ամեն մեկն գամվի իր տեղում ու փորձ չանի լուծելու այդ խնդիրները, ապա կտիրի դեպրեսիայի համընդհանուր մթնոլորտ, որը շատ վտանգավոր է:
Խոսելով Սերժ Սարգսյանի երկրորդ նամակի մասին՝ Բախշյանն ասաց, որ ինքն այդ նամակից չընկալեց այն միտքը, թե Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ.
«Հովհաննիսյանի նամակում նշված առաջարկների մասին այդպես էլ ոչինչ չկար Սարգսյանի պատասխան նամակում»,- ասաց նախկին պատգամավորը: