Թուրքիան Կիպրոսի խնդրի կարգավորման նոր ծրագիր է առաջարկել
Թուրքիան Կիպրոսի Հանրապետությանն է փոխանցել Կիպրոսի բազմամյա հիմնախնդրի կարգավորման նոր պլան, որը կազմվել է՝ հաշվի առնելով կղզու ջրային տարածքներում անցկացվող՝ նավթի և գազի որոնողական աշխատանքները: Ծրագրի բովանդակությունն այսօր «Սթար» թերթին տրված հարցազրույցում ներկայացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Կիպրոսը փաստացիորեն բաժանվել է 1974 թվականից, երբ Թուրքիան օգտվեց նրա անկախության երաշխավորի կարգավիճակից և ռազմական ներխուժում իրականացրեց՝ ի պատասխան կղզում պետական հեղաշրջման: Այժմ կղզում գոյություն ունեն՝ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը և միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Հույն և թուրք համայնքների ղեկավարների՝ բանակցության ճանապարհով Կիպրոսի հիմնահարցը կարգավորելու բոլոր փորձերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ծրագրի հիման վրա, առայժմ անհաջողության են մատնվել:
Ներկա պլանը, որին, թուրք նախարարի խոսքով՝ ծանոթացել են ՄԱԿ-ը և «շահագրգիռ կողմերը», երեք այլընտրանք է պարունակում. Կիպրոսում միացյալ պետության ստեղծում՝ հույն և թուրք համայնքների՝ ածխաջրածինների համատեղ հետախուզությամբ: Եթե առաջին տարբերակը չի գործում, ապա միջկիպրոսյան երկխոսության գործընթացում առաջարկվում է կազմավորել համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի էներգակիրների մշակման և իրացման հարցերով: Երկրորդ տարբերակի ձախողման դեպքում Անկարան առաջ է քաշում Կիպրոսի խնդրի լուծման բանաձև՝ կղզում երկու պետությունների առկայության հիման վրա, հայտնել է թուրքական ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է РИА Новости-ն: