Ինչու՞ է Թուրքիան անհանգստանում Իսրայելի հայերի գործողություններից
Թուրքերն անհանգստացած են իսրայելաբնակ հայերի գործողություններից:
Ինչպես գիտենք, այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը:
Այդ կապակցությամբ Իսրայելի հայերի «Արարատ» միությունը դիմել է երկրի մտավորականությանը' հորդորելով կոչ անել իսրայելական իշխանություններին հետևել բազմաթիվ երկրների օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սա թուրքական շրջանակներում առաջացրել է անհանգստություն, որը նկատվում է լրատվամիջոցների հրապարակումներից: Մասնավորապես «turkishny» կայքը Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման այդ նախաձեռնությունը որակել որպես թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը վիժեցնող քայլ հայերի կողմից: Հոդվածագիր Իբրահիմ Այդողանը հայկական լոբբիստական ուժերի գործողությունն անվանել է սաբոտաժ:
«Ենթադրվում է, որ եթե Իսրայելի հայկական լոբբինգի ճնշման արդյունքում Ցեղասպանության բանաձև հայտնվի Քնեսեթի օրակարգում, ապա Իսրայելի վարչապետ Նեթանյահուի խնդրած ներողությունից հետո նոր-նոր վերականգնվել սկսող թուրք-իսրայելական հարաբերություններում դարձյալ լարվածություն կառաջանա»,- գրում է Ermenihaber.am-ը` մեջբերելով Այդողանի խոսքը: