Թուրքիայում մարդիկ մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Թուրքիայի տարբեր քաղաքներում:
Ստամբուլի Գալաթասարայ համալսարանի կողքից մեկնարկած քայլերթին «100-րդ տարում Ցեղասպանությանն առերեսվի՛ր» գրությամբ պաստառ են պարզել։
Այդ միջոցառմանը մասնակցել են Դիարբեքիրի համաքաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, Թուրքիայի խորհրդարանական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա»(HDP) կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը, պատգամավորության թեկնածուներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայեր, բազմաթիվ քաղաքացիներ։
Միդյաթում ասորիներն ավարտել են 100-ժամյա հացադուլը։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Մարդինում քաղաքապետարանը քաղաքի տարբեր կետերում ասորերեն, քրդերեն, արաբերեն ու թուրքերեն պաստառներ է տեղադրել՝ «1915-ի Ցեղասպանության ժխտմանը վերջ տալու» կոչով։
Դերսիմում Ալևիների բարեկամության միությունը Ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառում է կազմակերպել։ Հավաքվածները ցեղասպանության զոհերի հիշատակին մեխակներ են դրել։
Ադանայում միջոցառում է տեղի ունեցել Մարդու իրավունքների կազմակերպության Ադանայի գրասենյակում։