Անհրաժեշտ է դիմել Նոբելյան մրցանակի միջազգային կոմիտեին՝ հետ պահանջելու համար Միխայիլ Գորբաչովին շնորհված Նոբելյան մրցանակը. Գրիշա Սարգսյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց «ՕՄՕՆ» վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի հետ՝ իր այն տեսակետի հետ կապված, թե արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտել և մանրամասնել է 1990-ական թվականների «Կոլցո» օպերացիայի, ինչպես նաև դրանից առաջ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ հանցավոր համաձայնության եկած բանակցությունների մասին.
«Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Գորբաչովը հայտարարեց հանրաքվեի մասին, որ Սովետական միությունը պահպանվի, սակայն Հայաստանը ոչ ասաց Սովետական միությանը, անկախացավ: Այնուհետև իրականացվեց «Կոլցո» օպերացիան: 1990 թվականի ապրիլի 30-ին սկսվեց չարաբաստիկ «Կոլցո» օպերացիան, որն անցկացնում էին Խորհրդային միության 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ստորաբաժանումները, 104 օդադեսանտային դիվիզիան և Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ը»,- նշեց գնդապետ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանում իշխանություն չկար, ստեղծվեց Պաշտպանության կոմիտե: Պաշտպանության կոմիտեն էլ՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ հրաման տվեց, որ ազատամարտիկները վերադառնան գյուղերից:
Գնդապետն իր այն համոզմունքն է հայտնում, թե այդ ոճրագործության համար մեղավորները պետք է պատժվեն, ուստի «ՕՄՕՆ»-ը դիմում է Ազգային անվտանգության խորհրդին, Արտաքին գործերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նախապատրաստել բոլոր իրավական ակտերը՝ Միխայիլ Գորբաչովին և Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչելու համար Հաագայի միջազգային դատարան:
Առավել ևս այն դեպքում, երբ ըստ գնդապետի՝ ԱԳՆ-ն անգործության է մատնված:
«Անհրաժեշտ է դիմել նաև Նոբելյան մրցանակի միջազգային կոմիտեին՝ հետ պահանջելու 1990 թ. Միխայիլ Գորբաչովին շնորհված Նոբելյան մրցանակը մարդկության դեմ կատարած նրա հանցագործության համար, ինչպես նաև Գորբաչովի հիմնադրամից պահանջել բարոյական և նյութական փոխհատուցում»,- իր խոսքը եզրափակեց Գրիշա Սարգսյանը: