Այսօր արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան օրն է
Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (20 ապրիլի, 1884, Բրգնիկ - 26 օգոստոսի, 1915), 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
Վարուժանի գրական նախափորձերը վերաբերում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսանելու տարիներին։ Առաջին ոտանավորները հրապարակվել են աշակերտական «Արձագանք մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902 թ. բանաստեղծը պատրաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազմավեպ», 1904)։ 1904 թ. կազմել է իր երկրորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։
1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Երևանում կան Վարուժանի անվան փողոց, դպրոց։