Մոսկվայում տարբեր ազգերի արտիստներ ելույթ են ունեցել՝ հանուն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի (լուսանկարներ)
Օրեր առաջ Մոսկվայի Golden Palace համերգասրահում բարեգործական համերգ է տեղի ունեցել, որից ստացված հասույթը պետք է տրամադրվի ՀՀ Տավուշի մարզի ՝ սահմանամերձ Բաղանիս և Բարեկամավան համայնքներին:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց համերգի կազմակերպիչներից մեկը՝ մասնագիտությամբ լրագրող և «ArmTv»-ի հայաստանյան լուրերի խմբագիր, հաղորդավարուհի Նաիրա Նիազյանը, ով արդեն 5 տարի է ապրում է Մոսկվայում: Այն հարցին, թե ինչպես առաջացավ ծրագիրն իրականացնելու գաղափարը,կազմակերպիչները պատասխանեցին.
«Մեզ հուզել էր այն հանգամանքը, որ մենք, տեղափոխվելով Մոսկվա, այժմ քիչ, թե շատ ապահով պայմաններում ենք ապրում, իսկ գյուղում մարդիկ խմելու ջրի խնդիր ունեն»:
Համերգին մասնակցել են հայեր, ռուսներ, վրացիներ, ՌԴ-ում և նրա սահմաններից դուրս հայտնի հայազգի երգիչներ, արտիստներ, պարային համույթներ: Նրանց թվում են՝ Կարեն Ավանեսյանը,Ավրահամ Ռուսսոն, Ալեկսանդր Մովսիսյանը, Արշակ Բեռնեցյանը,Նշան Հայրապետյանը, Էդգար, Լիլիթ Հարությունյանը,Սարո Վարդանյանը, Նարինե Մադունցը, Հայորդիկ պարային համույթը,Հովիկ ստուդիոն, Կիլիկիան և ալք:
Բարեգործական համերգ շրջանակներում բոլորին համախմբել էր մեկ գաղափար՝ օգտակար լինել սահմանին մոտ բնակվող մեր հայրենակիցներին:
«Էական չի քո ազգային և կրոնական պատկանելությունը, այլ էականը քո կամեցողությունն է, կարիքավորին օգտակար լինելը»,- ասաց վրացի երգիչ Աչին:
Համերգի կազմակերպիչները Թոմաս Ոսկանյանն ու Նաիրա Նիազյանը իրենց խոսքում խորին երախտագիտություն հայնտեցին բարեգործական համերգի բոլոր մասնակիցներին, աջակիցներին, ինչպես նաև հանդիսատեսին, ովքեր իրենց անմիջական ներդրումն են ունեցել այդ ազգանվեր գործում:
«Ապրիլի 20-ից հետո ես և Թոմասը կմեկնենք Հայաստան և կանցնենք վերոնշյալ երկու գյուղերի բարեկարգման աշխատանքներին (կհսկենք)՝ Բաղանիսում՝ցերեկային լույսերի տեղադրում, Բարեկամավանում՝ ճանապարհահատվածի խճապատում»,-ասաց մեր հայրենակցուհի Նաիրա Նիազյանը: