Թուրք հաքերները հարձակում են գործել Վատիկանի կայքի վրա՝ Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի ելույթի պատճառով
Մի խումբ հաքերներ Թուրքիայից ապրիլի 13-ի երեկոյան հարձակում են գործել Վատիկանի պաշտոնական կայքի վրա: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով The Hill պորտալին:
Ինչպես փոխանցվում է՝ թուրք հաքերները հարձակում են գործել Վատիկանի Vatican.va կայքի վրա: Կայքն անհասանելի է եղել երկուշաբթի երեկոյան և վերականգնվել երեքշաբթի առավոտյան: Այժմ կայքի աշխատանքները վերականգնված են: Թուրք հաքերները Թվիթթերում կատարած հաղորդագրությամբ իրենց վրա են վերցրել կիբերհարձակման պատասխանատվությունը: Նրանք պահանջում են, որպեսզի Հռոմի պապ Ֆրանցիսկը հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարություններից:
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկ I-ը պատարագի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը XX դարի առաջին ցեղասպանություն է անվանել, որից անմիջապես հետո Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին: