Ալ Ասադի՝ երկիրը լքելը, տեղեկատվական և քարոզչական պատերազմի տրամաբանության մեջ
Օperativ.am թղթակցի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց , որ Բաշար Ալ Ասադի' երկիրը լքելու մասին տեղեկատվությունը իրականում տեղավորվում է սիրիական վարչակարգի դեմ իրականացվող տեղեկատվական և քարոզչական պատերազմի տրամաբանության մեջ և ամենայն հավանականությամբ ապատեղեկատվություն է:
Նման տեղեկատվությունը, նման լուրերը Սիրիայի նախագահի, նրա ընտանիքի և մերձավոր շրջապատի հետ կապված նոր երևույթ չէ , և դրանք քարոզչական, հոգեբանական ուղղվածություն և միտումներ ունեն. օրինակ ոչ վաղ անցյալում նույնպես արաբական և իսրայելական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել Ասադի ընտանիքի' երկրից փախնելու մասին:
Դա հիմնականում իրականացվում է Դամասկոսի գրավման երկրորդ փուլն ազդարարած որոշ տվյալներով շուրջ 40 հազար զինյալներին ոգևորելու և հաղթանակի հանդեպ հավատ ներշնչելու նպատակով, քանի որ նրանց մեծ մասն այլազգի են' արաբական, աֆրիկյան, և միջինարևելյան մի շարք պետությունների քաղաքացիներ' զուրկ գաղափարական որևէ ընդհանրությունից:
Եվ բացի այդ, չմոռանանք, որ Բաշար Ալ-Ասադը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել եր, որ ինքը ծնվել է և կմեռնի Սիրիայում և ոչ մի դեպքում չի պատրաստվում լքել իր հայրենիքը:
Արաբագետի կարծիքով' ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգի տեղակայումը Թուրքիայում միայն կավելացնի լարվածությունը տարածաշրջանում:
Թուրքիան վաղուց նպատակ ուներ նման համակարգ տեղակայելու, իսկ թուրք-սիրիական սահմանի լարվածությունը միայն պատեհ առիթ էր այդ ծրագրի իրականացման համար: Իսկ վերջին շրջանում դարձյալ շրջանառվող տեղեկատվությունը' սիրիական վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման հետ կապված, միայն ջուր են լցնում Թուրքիայի ջրաղացին, նշեց Արմեն Պետրոսյանը: