Եթե ընտրությունները դեռ չսկսած իշխող կուսակցությունն արդեն նշում է, թե իրենք հաղթելու են 60-65 %-ով, և այդ մարդկանց իրավապահ մարմինները չեն կանչում, այդ դեպքում ինչի՞ մասին կարելի է խոսել
Operatv.am-ի թղթակիցը ներքաղաքական վերջին իրադարձությունների և առաջիկա ավագանու ընտրությունների մասին զրուցեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:
«Եթե երկրում գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ, մնացածն այնքան էլ չի հետաքրքրում, ընտրությունները մեր երկրում միջոցառումներ են և շատ դեպքերում զավեշտի են վերածվում, երբ ինչ-որ քաղաքական գործիչ, կուսակցության ներկայացուցիչ կարող է կանգնել և հայտարարել, այ եթե լինեին ազատ ընտրություններ՝ մենք կհաղթեինք»,- նշեց Սարգսյանը:
Այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ավագանու ընտրությունների արդյունքը կանխորոշված է, Սարգսյանը նշեց, որ չի կարող ասել կանխորոշված են, թե ոչ, սակայն ընտրություններ չկան. եթե ընտրությունները օրինական չեն, ապա երաշխիքներ չեն կարող լինել.
«Եթե ընտրությունները դեռ չսկսած իշխող կուսակցությունն արդեն նշում է, թե իրենք հաղթելու են 60-65 %-ով, և այդ մարդկանց իրավապահ մարմինները չեն կանչում ու պատասխանատվության ենթարկում, այդ դեպքում ինչի՞ մասին կարելի է խոսել»,- ասաց քաղաքագետը:
ՀՀԿ-ԲՀԿ վերջին օրերի՝ միմյանց հասցեին հնչող անվերջ շարունակվող վիրավորանքերի մասին Սարգսյանը նշեց.
«ԲՀԿ-ն սկսում է խաղալ իրեն բնորոշ մանր-մունր դերեր՝ ՀՀԿ-ին ընդդիմություն երևալու համար»:
Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հնարավոր փոխհամաձայնության եզրեր գտնելու մասին՝ Սարգսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն իր նամակով փորձում է Հովհաննիսյանին համոզել, որ դադարեցնի հացադուլը. ուրիշ ոչ մի խնդիր չունի Ս. Սարգսյանը: