ԲՀԿ-ն կմասնակցի՞ ապրիլի իննին Սերժ Սարգսյանի երդման արարողությանը
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ ճշտելու համար ԲՀԿ-ն մասնակցելու՞ է ապրիլի իննին Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, թե՞ ոչ:
«Դեռևս նման հարց չենք քննարկել»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Այն հարցին, թե հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի՞ն է տեսնում քաղաքապետի պաշտոնում, Զոհրաբյանը նշեց, որ և՛ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, և՛ Գուրգեն Արսենյանը քաղաքապետի թեկնածուներ են. հաղթանակի դեպքում էլ կուսակցությունը կորոշի, թե ով է կզբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:
«Մեզ համար նշաձողը հաղթանակն է, որից հետ մենք կորոշենք, թե առաջադրված թեկնածուներից ով կդառնա Երևանի քաղաքապետը»,- ասաց Զոհրաբյանը:
«Երևանցին ինքն է որոշելու հաղթողին, պարտվողին, առաջին և երկրորդ տեղերին»,- նշեց Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ականների այն տեսակետը, թե իրենք են հաղթելու ընտրություններում, և պայքարը գնալու է երկրորդ տեղի համար:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում մարտի 18-21-ն ընկած քառօրյայի ժամանակ ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ ապրիլի իննին մարզահամերգային համալիրում արտահերթ նիստ անցկացնելու նախագծով, որպեսզի բոլոր խմբակցությունները ներկա գտնվեն Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին այդ նախագծին: