Հացադուլից դուրս արի, հետո արի ինձ մոտ՝ տեսնեմ ինչ պաշտոն կարող եմ քեզ տալ
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ՝ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակի մասին մեկնաբանություն ստանալու համար:
«Այդ նամակի մեկնաբանությունը շատ պարզ է. գնա հացադուլից դուրս արի, մի երկու օր կազդուրվի, հետո արի ինձ մոտ՝ տեսնեմ ինչ պաշտոն կարող եմ քեզ տալ, ճիշտ է քաղաքական տերմինաբանություն ուներ այդ նամակը, սակայն իմաստը դա էր»,- նշեց Բադալյանը:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը դադարեցնելու մասին՝ փորձագետը նշեց, որ դա արդեն գուշակություն կլինի. ուստի չի կարող ասել Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը, թե ոչ:
«Փետրվարի 18-ից հետո այն գործընթացները, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, այլևս կապ չունեն նախագահական ընտրությունների կեղծված արդյունքերի վերանայման հետ, դրանք արդեն ուրիշ խնդիր են լուծում. նպատակն էր Ազատության հրապարակ բերել ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին, տեղի կունենար շատ զգացմունքային պահ. Րաֆֆի Հովհաննիսյանը կնշեր՝ տեսեք ընդդիմությունը միացավ մեզ»,- ասաց փորձագետը:
Բադալյանը իհարկե փաստեց, որ հացադուլը պայքարի ձև է, սակայն պետք է իմանալ, թե ո՞վ է հացադուլ անում, որտե՞ղ, ինչի՞ համար.
«Նախ հացադուլ անողը պետք է այնպիսի ազդեցություն ունենա, որ ամբողջ աշխարհում դրա մասին խոսեն, իսկ այս դեպքում հացադուլը չի արդարացնում պայքարի համար իր միջոցները»,- եզրափակեց իր խոսքը Բադալյանը: