Հիտլերն էլ չէր հանձնվում. Ստյոպա Սաֆարյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց «Ժառանգություն» խմբակցության չորրորդ գումարման պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ՝ ճշտելու համար «Ժառանգության» շանսերը ավագանու ընտրություններում:
Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն իրենք, երբ ՀՀԿ-ականներն արդեն հայտարարում են, որ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, նախկին պատգամավորը պատասխանեց.
-ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի հանձնվելու, դա դեռ չի նշանակում, որ իրենք հաղթելու են, Հիտլերն էլ չէր հանձնվում, եթե վերջինիս կամքին մնար, իհարկե ինքն էլ չէր հանձնվի:
Սաֆարյանը բավական բարձր գնահատեց «Ժառանգության» շանսերը ավագանու ընտրություններում.
-Մեր շանսերը բավական մեծ են Երևան քաղաքում հաղթելու համար, դրա վկայությունն են նաև նախագահական ընտրությունները,- նշեց Սաֆարյանը:
Սաֆարյանը մտավախություն չունի այն պատճառով, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն մասնակցելու են ընտրություններում, և նրանց համակիրների ձայներն այլևս «Ժառանգությունը» չի կարող ստանալ.
-Նախ չեմ ուզում թերագնահատել իրենց, և համաձայն չեմ, որ դա իրեն ձայներն են եղել. խոսակցությունները բավական հակաքաղաքագիտական են, որ այդ ձայները եղել են տարբեր կուսակցություններին սատարողների ձայներ. Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է այդ ձայները, քանի որ իր մեջ են տեսել ուժ:
Սաֆարյանը նշեց, որ չի ուզում ասել, թե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն քիչ ձայներ կարող են հավաքել, սակայն իր խորին համոզմամբ «Ժառանգության» շանսերը շատ ավելի մեծ են:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը