Այսօր գուսան Շերամի ծննդյան օրն է
Շերամ (Գրիգոր Թալյան Կարապետի) (Մարտի 20, 1857, Ալեքսանդրապոլ – Մարտի 7, 1938, Երևան), հայ գուսան–երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։
Շերամը տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12-13 տարեկանից երգեր է հորինել։ Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայաբնակ վայրեր։ Շերամը ունեցել է նաև իր խումբը։ 1905-ին նա իր խմբով այցելել է Էջմիածին։ Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը։ 1915-1935–ին Շերամը ապրել է Թիֆլիսում։ 1935-ին Շերամը տեղափոխվել է Երևան։ Որպես ստեղծագործող ձևավորվել է ժամանակի հայկական աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավարում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չափերից, նախընտրելով պարզն ու թեթևը՝ ինչը մոտիկ է բուն ժողովրդական մտածելակերպին ու տաղաչափությանը։ Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե՝ գեղջկական և թե՝ քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղակակների գունեղությունն ու հուզականությունը։ Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են։
Շերամի առաջին՝ «Պարտեզում վարդեր բացված» երգը լույս է տեսել 1900–ին Ա. Մխիթարյանցի կազմած և խմբագրած «Տաղեր ու խաղեր» ժողովածույում։
1902–ին տպագրվել է «Երգիչ Գրիգոր Թալյանի քնարը»։
1905–ին հրատարակված «Գանգատի շանթեր» գրքույկն ամփոփում նրա հայրենասիրական և ազգային երգերը։
1915–ին լույս է տեսել նրա «Անզուսպ արշավ» ժողովածուն, որտեղ տպագրված են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ»։
1915-1935–ի շրջանի լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» երգերը։