Մեր վերքերը դեռ բաց են և շարունակում են մեզ ցավ պատճառել. «100 դուռ» նախագծի հեղինակ (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը, որի շրջանակում նախատեսված է ներկայացնել խորհրդանշական 100 հայկական եկեղեցու և վանքի դուռ: Նախագծի հեղինակը Operativ.am-ի թղթակցին պատմեց, թե ինչպես է սկիզբ առել «Մեր վերքերը դեռ բաց են» գրությամբ շապիկներով լուսանկարվող մարդկանց ֆլեշմոբը:
-Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը և ինչու՞ հենց «100 դուռ»:
-Այդ ամենն ինձանից անկախ եղավ, ես դա համարում եմ Աստծո նվեր: 2012թ. էր դեռ, և ես հերթական անգամ այցելել էի Էջմիածնի Հռիփսիմե վանք: Շատ լավ եղանակ էր, և երբ արևն ընկավ վանքի դռան վրա ու կիսով չափ լուսավորեց, ես նկարեցի այդ պահին: Լուսանկարին երկար նայելուց հետո, կարծես ներքին ձայնս ինձ հուշեց, որ ես պետք է 100 դուռ նկարեմ և 2015-ին ցուցահանդես անեմ Երևանում և Ստամբուլում:
-Որտեղի՞ եկեղեցիներն եք նախատեսել նկարել:
-Նախատեսված է լուսանկարել Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցու դռներ:
-Որքա՞ն եկեղեցի եք հասցրել նկարել մինչ այս պահը:
-Արդեն 70 եկեղեցի այցելել ենք, մնացել է 30-ը, որը կարծում եմ կհասցնենք՝ ժամանակ ունենք: Մնացած 30 եկեղեցիների դռները նկարելու համար գնալու ենք Արցախ, Արևմտյան Հայաստան և Ջավախք:
- «100 դուռ»-ն ի՞նչ կոչով է հանդես գալիս:
-Սա մի հնարավորություն է, որպեսզի ազգովի «պտտվենք» 100 եկեղեցում և աղոթք անենք մեր արդարությանը հասնելու համար:
-Շապիկների վրա գրված կարգախոսը ինչպե՞ս առաջացավ:
-Երբ հասա ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների այն փուլին, որ հարկավոր էր կարգախոս ստեղծել, երկար չմտածեցի, քանի որ այդ ժամանակ Երևանում էր մեր սիրելի երգիչ Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը, ով ինձ նվեր էր բերել այդ գրությամբ մի շապիկ: Երբ հարցրի թարգմանությունը, իմաստն ինձ դուր եկավ ու մտածեցի, որ կարելի է օգտագործել: Նախորդ տարվա ապրիլի 24-ին մենք հենց այդ շապիկներով բարձրացանք Ծիծեռնակաբերդ: Իսկ հեղինակն Ամերիկայում ապրող հայ ռեփեր է` շատ հայրենասեր R-Mean-ը:
-Իսկ ինչպե՞ս առաջացավ շապիկներով լուսանկարվելու գաղափարը:
-Երբ մենք փոքր թիմով, լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ շրջում էինք եկեղեցիներով, հագել էինք շապիկներ, որոնց հետևի մասում անգլերենով էր նաև գրված կարգախոսը, որպեսզի տուրիստներն էլ հասկանան: Մարդիկ տեսնելով լուսանկարները, ինքնակամ միացան մեզ, սակայն երբ ձմեռն եկավ, ճանապարհները փակվեցին և եկեղեցիներ այցելելն այնքան էլ չէր հաջողվում, առաջացավ շապիկներով նկարվելու գաղափարը, որին միացան շատ ու շատ հայտնիներ և այլք:
-Ստամբուլում ցուցահանդեսը կարծում եք կընկալվի՞ թուրք հասարակության կողմից:
-Պետք է ասեմ, որ այսօր մենք հասել ենք նրան, որ Թուրքիայում կան շատ մարդիկ, ովքեր հայերի կողքին են, ովքեր գիտեն ու ընդունում են եղելությունը: Այս դեպքում ևս՝ կարծում եմ տեղի հայ համայնքից բացի, նրանք ևս կլինեն մեր կողքին:
-Ովքե՞ր են մասնակցել նախաձեռնությանը:
-Ծրագիրը երբ սկսեցինք նման սպասելիքներ չունեի, սակայն շատ ուրախ եմ, որ այն այսօր արդեն հասել է աշխարհի տարբեր անկյունները: Հայտնի ու սովորական, տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիներ: Միացել են ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Գերմանիայից և այլ երկրներից: Մեզ հետ է նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը:
Խաչիկ Եղոյանի խոսքով՝ վատ կարծրատիպ կա, որ 100-ից հետո ոչ մի բան պետք չէ անել, անիմաստ է, սակայն միշտ է պետք հիշեցնել այդ մասին, այնքան, մինչև զղջան իրենց պապերի արածի համար և ներողություն խնդրեն: Մեր վերքերը դեռ բաց են և շարունակում են մեզ ցավ պատճառել: