Ես չեմ մեկնաբանում տիկին Զոհրաբյանին. Էդուարդ Շարմազանով
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ.
-Պրն. Շարմազանով, երեկ նշել էիք, որ ավագանու ընտրություններում բոլոր ուժերը պայքարելու են երկրորդ իրական տեղի համար:
-Դա շատ հավանական է, որ պաքարը գնալու է երկրորդ տեղի համար. դա փաստ է, որ այլ ուժերը պայքարելու են իրական երկրորդ տեղի համար:
Իսկ որքանո՞վ է ճիշտ արդեն նման գնահատականներ տալը. դա չի՞ խոսում այն մասին, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է:
-Սխալ կլինի, երբ ոչ կոռեկտ գնահականներ հնչեցվեն, իսկ իմ գնահատականներում ոչ կոռեկտ ոչինչ չկա, ես տեսական գնահատականներ եմ հնչեցրել յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ներկայացնել իր կարծիքը, ես ունեմ իմ կարծիքը, «Ժառանգությունն» ունի իր կարծիքը, ԲՀԿ-ն՝ իր կարծիքը, սակայն ամենակարևորն այն է, որ այդ ամենը լինի կոռեկտ:
Որքանո՞վ էր կոռեկտ ֆուտբոլային համեմատութուն իրականացնել նախկին արտգործնախարարի՝ Երևանի քաղաքապետ դառնալու մասին:
-Ես ֆուտբոլային համեմատություն չեմ իրականացրել, ես ուղղակի նշել եմ, որ ճիշտ կլինի, որ ամեն մարդ զբաղվի իր գործով. Տարոն Մարգարյանին որպես քաղաքապետ տեսնում եմ, իսկ Օսկանյանին քաղաքապետի պաշտոնում չեմ տեսնում. ֆուտբոլի առումով այն եմ նշել, որ այո Կասիլյասը շատ փայլուն ֆուտբոլիստ է, բայց դարպասապահ է, բայց եթե հանդես գա որպես հարձակվող, ապա թիմը կպարտվի: Երբ ԲՀԿ-ն ներկայացրեց իր ցուցակը, նրանք չասացին, որ Օսկանյանն իրենց քաղաքապետի թեկնածուն է և առ այսօր որևէ ԲՀԿ-ական չի նշում այդ մասին, որ առաջին հարմար թեկնածուն պետք է լինի Օսկանյանը:
Տիկին Զոհրաբյանը Ձեր այն տեսակետի հետ կապված, թե ԲՀԿ-ն խոր քնից փորձում է արթնանալ, նշեց, որ եթե ԲՀԿ-ն ակտիվ չլիներ քաղաքական դաշտում, ապա ՀՀԿ-ականների կողմից ԲՀԿ-ի դեմ ուղղված հոդվածներ չէին պատվիրվի:
-Ես տիկին Զոհրաբյանին չեմ մեկնաբանում. կանանց չեմ մեկնաբանում: Ինչ վերաբերում է իրենց ակտիվությանը, ապա քննադատական մոտեցումներով հանդես գալը դեռ չի խոսում քաղաքական ակտիվության մասին, ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր հասարակությունը չլսեց ԲՀԿ-ի կարծիքը նախագահական ընտրությունների վերաբերյալ, էլ չեմ ասում ապրիլի իննի երդմնակալությանը ձեռնպահ քվեարկեցին: Քաղաքական ուժը կոնկրետ է լինում. կամ իշխանություն ես, կամ՝ ընդդիմություն:
Ես ուղղակի բոլորին կոչ եմ անում լինել կոռեկտ հնարավորության սահմաններում, առավել ևս այն մարդիկ են հայտարարություններ անում, որոնք չեն ասոցացվում ԲՀԿ-ի հետ:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը