Մեր երկիրը մենք կորցրել ենք` չհասցնելով ճանաչել. Սամվել Կարապետյան
Մեր երկիրը մենք կորցրել ենք` չհասցնելով ճանաչել: Իսկ հիմա ընկել ենք բեկորների, փշրանքների հետևից: Մեծ և Փոքր Հայքերի պատմությունը, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ներկայացված է «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց գրքաշարի առաջին հատորը՝ «Հայոց ձոր»-ը:
Ինչպես նշեց բանախոսը՝ այս նախագիծը մշակվել է տարիների ընթացքում հավաքած նյութերի հիման վրա: «Տարիների ընթացքում հավաքած նյութերի հիման վրա այս նախագծի շրջանակներում սկսեցինք մշակել: Նախագիծը 36 հատոր պետք է լինի, և յուրաքանչյուր գրքի նեղ կողն իրար կցելով կստանանք Մեծ և Փոքր Հայքերի քարտեզը»,- նշեց բանախոսը:
Գրքաշարի առաջին հատորը կոչվում է «Հայոց ձոր», որն ըստ Սամվել Կարապետյանի` ունի խորհրդանշական նշանակություն: «Առաջին հատորը, մենք անվանել ենք է «Հայոց ձոր», կապված՝ Հայկ Նահապետի ազատամարտից հետո Հայոց ձորին տիրելու հետ կապված: Այս հատորում ներկայացված է մոտ 40 գյուղ, որոնք գտնվում են Հայոց ձորի գավառում: Գրքի սկզբում կան ընդհանուր մանրամասն տեղեկություններ, որին հաջորդում են Հայոց ձորի գյուղերը` այբբենական կարգով: Կային գյուղեր, որտեղ ոչինչ չի հայտնաբերվել, բայց կային տեղեր, ուր պահպանվել էին մեկ կամ երկու խաչքարի բեկորներ»,- նշեց Սամվել Կարապետյանը:
Այս տարի նաև նախատեսվում է տպագրել երկրորդ և երրորդ հատորները, որոնք նվիրված կլինեն Կարնո շրջանի Խնուս գավառին և Շահումյանին:
Բանախոսը վերջում նշեց, որ այս նախագիծը որևէ հովանավոր չունեցավ և այն գլուխ բերվեց բաժանորդագրությամբ: «Ես համոզված եմ, երբ գիրքը դեռ չկար, նկարագրելով դժվար է դուռ բացվում, բայց երբ արդեն կա առաջին հատորը, մյուս հատորների համար ավելի հեշտ կլինի գումար գտնել»,- հավելեց բանախոսը: