Մեր դրոշի բացակայությունը էական բացթողում էր, և ես դա շոուի համար չեմ ասում
Մինչ Հայաստանում քրդական համայնքի խորհրդի ղեկավար Կնյազ Հասանովը հայտարարում է, որ Օջալանի կողմից զենքը վայր դնելու մասին ուղերձը ոչ թե նահանջ է, այլ բանակցություններ սկսելուն ուղղված քայլ, Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ օջալանի քայլը դրական գնահատելով հանդերձ դժգոհ է, քանի որ Օջալանի ուղերձի ընթերցման ժամանակ թուրքական դրոշ չի եղել: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայի վարչապետի և թուրքական իշխանությունների գլխավոր խնդիրը քրդական շարժումը վերացնելն է, և լավագույն դեպքում՝ մեկ ընդհանուր պետության մեջ հավասար իրավունքներով և ազատություններով թուրք և քուրդ ժողովուրդներին ղեկավարելը, այլ ոչ թե քրդական հարցի լուծումը՝ քրդերի շահերից ելնելով: Ասվածի վառ վկայությունն է վարչապետ Էրդողանի հետևյալ հայտարարությունը` կապված Օջալանի ուղերձի ընթերցման ժամանակ թուրքական դրոշի բացակայության հետ. «Օջալանի կոչը դրական եմ համարում: Կարևորը՝ դրա իրագործումն է: Տարածաշրջանում մթնոլորտն անպայման կփոխվի: Դիարբեքիրում հնչած որոշ ուղերձներ ամիսներ շարունակ մենք էլ ենք արտահայտել: Սակայն կուզեինք, որ խնդրի լուծման ընթացքում հավաքներում տեսնեինք թուրքական դրոշ: Դրոշի բացակայությունը հակասում է Օջալանի ուղերձին, և դա սադրիչ քայլ է: Օջալանի ուղերձում մեկ ազգի գաղափար կար: Մեր դրոշի բացակայությունն էական բացթողում էր, և ես դա շոուի համար չեմ ասում»: Իհարկե, սա նշանակում է, որ քրդական ինքնավար պետություն ստեղծելու միտք էլ չունեն թուրքական իշխանությունները, և հավանաբար այս քայլն ընդամենը ժամանակավոր խաղաղություն և կայունություն հաստատելուն միտված քայլ էր: Այն էլ այն դեպքում, երբ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն էլ քրդական հարցի լուծումն էր և առանց այդ հարցի լուծման, հնարավոր չէր լինի տարիներով՝ տարածաշրջանում գլխավոր դերակատարը լինելու թուրքական երազանքի իրականացումը: