Թուրքիան չի մասնակցի Իրաքում կամ Սիրիայում հակամարտության «թեժ» փուլերին. Դավութօղլու
Թուրքիան կաջակցի Մոսուլում ԴԱԻՇ-ի դեմ իրաքյան բանակի գործողությանը, բայց չի պատրաստվում մասնակցել մարտական գործողություններին:
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում՝ ԱՄՆ թռիչքի ժամանակ, ուր նա մեկնել է այցով:
«Թուրքիան չի մասնակցի Իրաքում կամ Սիրիայում հակամարտության «թեժ» փուլերին: Մենք Մոսուլին կօգնենք, բայց այնտեղ անմիջականորեն չենք կռվի: Եթե ուղղակի հարձակում լինի մեզ վրա, մենք անհապաղ կպատասխանենք: Մենք դրա համար հնարավորություններ ունենք:
Մենք շատ սերտ կապ ունենք Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ և նրանց տարատեսակ օգնություն ենք ցուցաբերում: Մեզ համար կարևոր է նաև կայունությունը Իրաքի հյուսիսային քրդական շրջանում:
Մեր բանակը մարզում է «փեշմերգի» մարտիկներին: Իսկ Մոսուլի դեպքում մենք սուննիների և շիաների միջև բախումների կանխարգելման քաղաքականություն ենք վարում»,- ասել է նա: