Հարկավոր է ոչ թե մեր մանկիկներին «կամուֆլյաժ» հագցնել, այլ նստեցնել ուսումնական նստարաններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը մասնակի կրճատումներով.
«Հասկանալի է, որ մեր հասարակության գերակշռող մասը զինվորի հագուստով փոքրիկներին տեսնելիս մեծագույն հրճվանքի զգացում է ապրում, իսկ երբ այդ թոթովախոս մանկիկն «անօրեն թուրքին» ջարդելու, փրթելու մասին բանաստեղծություն է արտասանում, հպարտությունից սիրտ-ներս ուռչում է, և գորովալից ժպիտը սառչում է դեմքներիս:
Հասկանում եմ նաև, որ երկու տասնամյակից ավելի պատերազմի մեջ գտնվող, հարյուրամյակներ շարունակ կորուստներ ու պարտություններ կրած մեր ժողովուրդը, որն իր պատմության ընթացքում բազում անգամներ գրեթե հրաշքով է փրկվել ու գոյատևել, ինքնապաշտպանական բնազդ է մշակել իր մեջ: Եվ պետականության կայացման, բարեկեցության ու զարգացման բանաձևը համարում է հզոր բանակի և երիտասարդ սերնդի պայքարի կամքն ու հող հայրենին կրծքով պաշտպանելու ունակությունը:
Բայց բարդ, նորագույն տեխնոլոգիաների հարցում առաջադեմ երկրների միջև ծավալված դաժան մրցակցությանը դիմանալու համար մեզ այսօր հարկավոր է ոչ թե մեր մանկիկներին «կամուֆլյաժ» հագցնել, այլ նստեցնել ուսումնական նստարաններին, համակարգիչների առաջ, գիրք ու տետր տալ և ներշնչել, որ հաղթելու համար ոչ թե զենք է հարկավոր ձեռքն առնել, այլ՝ գրիչ։
Ոչ թե պետք է ձգտել նմանվել գեներալ Մանվելին ու Սեյրանին, այլ Անգելա Մերկելին, Բիլ Գեյթսին, Մարկ Ցուկերբերգին: Ոչ թե թշնամուն ֆիզիկապես ոչնչացնելն է լուծումը, այլ գիտելիքով ու գրագիտությամբ պարտության մատնելը: Դիվանագիտական հաղթանակներ տանելն ու սեփական ճշմարտացիությունը տեղ հասցնելը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: