Այսօր հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է
Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (1878, մարտի 4 (մարտի 16), Կրասնոդար - 1936թ. փետրվարի 20, Երևան) հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914 թ), ՀՍՍՀ ճարտարտապետ (1926 թ․), հայ նոր ճարտարապետության հիմնադիրը։
Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:
Երևանում նրա նախագծով կառուցվել են՝
Աստղադիտարանը (1930-1935)
Անատոմիկումը (1926-1933)
Անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932)
Հանրային գրադարանը (1932-1938)։
Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու)
Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։
Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։