Նախագահը մասնակցել է Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ մասնակցել անվանի նկարչի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին.
Հանրապետության Նախագահը քոլեջում շրջայցից հետո, ներկա է գտնվել այնտեղ դասավանդող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին:
Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումների շարքում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն: Հայփոստ ՓԲԸ-ի կողմից նախագծված և տպագրված 2 նամականիշը՝ «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմայով, շրջանառության մեջ է դրվում այսօրվանից: Նամականիշների վրա պատկերված են Փանոս Թերլեմեզյանի ինքնդիմանկարը՝ կատարված 1930 թվականին և «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը (1915թ.):
Գեղարվեստի պետական քոլեջում կայացել է նաև ՀՀ կենտրոնական բանկի թողարկած՝ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամի շնորհանդեսը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, իսկ դարձերեսին՝ Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից և նրա ինքնադիմանկարից դրվագներ:
Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակի առթիվ պետական պատվերով հրատարակվել է «Թերլեմեզյանցիներ» հուշագիրք-ալբոմ, որի շնորհանդեսը ևս Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել նկարչի անունը կրող քոլեջում: Երկու մասից կազմված գրքում ներկայացված են խորհրդային ժամանակաշրջանում, այնուհետև անկախ Հայաստանում քոլեջում դասավանդած և դասավանդող արվեստագետների կենսագրական տվյալներն ու աշխատանքները: