Այսօր տարածվեց ցմահ բանտարկյալ Օջալանի ուղերձը
Ինչպես սպասում էինք, այսօր՝ մարտի 21-ին, քուրդ անջատողականների առաջնորդ, թուրքական բանտում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը կատարեց իր խոստումը: Նա խոստացել էր, որ այսօր՝ մարտի 21-ին, կուղարկի ուղերձ, որն իր կարծիքով պատմական է դառնալու: Այսօր նա ուղարկեց ուղերձ, որում Քրդական Աշխատավորական կուսակցությանը կոչ էր արվում դադարեցնել զինված պայքարն ու Թուրքիայից հեռացնել զինված խմբավորումներին, սակայն շարունակել պայքարը քաղաքական հարթության վրա և դիվանագիտական միջոցներով: Ըստ տեղեկությունների, Դիարբեքիր քաղաքում Քրդական Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներից մեկն ընթերցել է Օջալանի ուղերձը, որը գրված էր թուրքերեն և քրդերեն լեզուներով: Օջալանի ուղերձի մեջ նաև ասվել էր. «Եկել է դիվանագիտության ու ոչ թե զենքի ժամանակը»: Հավանաբար թուրքական իշխանությունների կողմից նրան տրված խոստումներն այնքան մեծ են եղել, որ Քրդական Աշխատավորական կուսակցության առաջնորդը, ով անձամբ էր ստեղծել քրդական պայքարի ներկա ձևը, ստիպված եղավ հրաժարվել, կամ գոնե այդպիսի ուղերձ հղել իր կողմից հիմնադրված կուսակցության անդամներին: Մեր աչքի առաջ ունենալով սեփական պատմությունն ու մեր իսկ պատմության դառը փորձը, կարող ենք վստահ ասել, որ թուրք-քրդական զինադադարը կխախտվի այնպես, ինչպես դրանք հաստատվել են: Կարող են փոխվել ժամանակները, սակայն թուրքական սիրաշահող և շողոքորթող դիվանագիտությունը դժվար թե փոխվի: Թուրքիայի նպատակը՝ ամեն գնով պահել իր տարածքային ամբողջականությունը, որը ձեռք է բերել ցեղասպան դահիճ դառնալու շնորհիվ, դժվար թե տեղի տա քրդական դիվանագիտությանը: