Այսօր նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 28 (16), 1880 թ., Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - մայիսի 5 1972 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծ նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945 - 51)։
Սարյանը 1901 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1907, 1956, 1961, 1964), Լենինգրադում (1956), Թբիլիսիում (1955, 1970), Փարիզում (1928, 1980, ետմահու), Երևանում (1936, 1955, 1961, 1964, 1970) և այլ քաղաքներում։ ՍՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀՍՍՀ պետական մրցանակ (1965)։ Պարգևատրվել է Լենինի 3 և երկու այլ շքանշաններով։
Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։