Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
Հովհաննես Թադևոսի Թումանյան (19 փետրվարի, 1869, Դսեղ - 23 մարտի, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ:
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։
Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է: