Այսօր ականավոր գրող Դերենիկ Դեմիճյանի ծննդյան օրն է
Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) (1877 փետրվարի 18, Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) - 1956 դեկտեմբերի 6, Երևան), հայ գրող, հրապարակախոս։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903-ին մեկնել է Մոսկվա։ 1905-10 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայ պատմավիպագրության մեջ նոր որակ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949), «Հուշ-աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։
Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ–լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։
Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։