Թուրքական դիվանագիտությունը հաղթե՞ց քրդական դիմադրությանը
Նախօրեին Թուրքիայի իշխանությունների և Քրդական Աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլա Օջալանի միջև բանակցություններ էին սկսվել հաշտության շուրջ: Քուրդ ապստամբների գլխավոր պահանջն էր Թուրքիայի բանտերից ազատ արձակել քուրդ զինյալներին և քաղբանտարկյալներին, ինչպես նաև ակնկալում էին իրենց իրավունքների ընդլայնում, իսկ թուրքական կողմը հայտարարել էր, որ քուրդ զինյալները պետք է զենքը վայր դնեն, վերջ դնելով երկարամյա ապստամբությանը:
Ըստ նախորոք ձեռք բերված պայմանավորվածությունների, մարտի 21-ին, որն համընկնում է Նովրուզի տոնի հետ, Թուրքիայի քուրդ զինյալները վայր կդնեն զենքերը, ինչպես նաև չեն իրականացվի ամեն մարտի 21-ին քրդերի կողմից իրականացվող բողոքի ակցիաներն ու հանրահավաքները: Համաձայն թուրքական աղբյուրների, նույն օրը Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլա Օջալանը հաշտության պայմանագիր կկնքի կառավարական զորքերի հետ: Երկարատև թուրք-քրդական զինված պայքարը կարող է ավարտվել զինադադարի մասին փաստաթղթի ստորագրմամբ: Սակայն թուրք-քրդական խնդիրն այնքան խորն է, որ այն հնարավոր չէ լուծել ինչ-որ զինադադարի փաստաթղթով: Այդ փաստաթուղթը ընդամենը ժամանակավոր զինադադար կարող է ապահովել, ոչինչ ավելին: Համոզված կարող ենք ասել, որ թուրք-քրդական հակամարտությունը ոչ միայն շարունակվելու է, այլև նոր թափով է վերսկսվելու ապագայում, քանի որ հողի խնդիրը թուրքերը միշտ էլ յաթաղանի միջոցով են լուծել: Քրդերը ևս բացառություն չեն լինի և եթե նույնիսկ ժամանակավորապես հաղթի թուրքական դիվանագիտությունը, միևնույն է, դեռ լսելի կլինի թուրքական հրետանու ձայնը քրդական բնակավայրերում: