Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է
Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան (փետրվարի 5, 1957, Լենինական (այժմ՝ Գյումրի) – նոյեմբերի 20, 2012, Լոս-Անջելես), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։
1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։ 2007 թվականին հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։ Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: