Խնձորը միաժամանակ և՛ միրգ է, և՛ դեղ
Խնձորը միաժամանակ և՛ միրգ է, և՛ դեղ: Այն օգտակար է և՛ հիվանդների, և՛ առողջների համար, սա մենք վաղուց գիտենք: Այնուամենայնիվ, խնձորի իրական օգտակարությունը գնահատել կարող են միայն նրանք, ում սեղանին այս միրգը հայտնվում է կանոնավոր կերպով:
Օրգանիզմի վրա խնձորի ազդեցությունը արտահայտվում է մի քանի ուղղություններով.
- այն նպաստում է արյան մեջ խոլեստերինի քանակի նվազմանը,
- կարգավորում է մարսողությունը,
- կրճատում է բազում հիվանդությունների, մասնավորապես՝ ինֆարկտի և այլ սրտանոթային հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի և այլ քաղցկեղային ուռուցքների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ասթմայի առաջացման հավանականությունը:
Խնձորն ու խնձորի հյութը կանխարգելում են անոթներում խոլեստերինի առաջացումը: Բանն այն է, որ խնձորի բաղադրության մեջ պարունակվող բջջաթելերի չլուծվող մոլեկուլները կպչում են խոլեստերինին և նպաստում օրգանիզմից նրա արտամղմանը՝ այդպիսով կրճատելով անոթների խցանման, սրտային նոպաների առաջացման հավանականությունը: Խնձորի մեջ կան նաև լուծվող բջջաթելեր, որոնք կոչվում են պեկտիններ: Ահա այս պեկտիններն էլ նպաստում են երիկամից խոլեստերինի արտամղմանը: Խնձորով բեռնաթափման օրերը (1.5-2 կգ թարմ կամ եփած խնձոր՝ 1 օրվա ընթացքում) օգնում են պայքարել սրտային և երիկամային այտուցների դեմ:
Հետազոտությունները վկայում են, որ օրական 2 խնձոր օգտագործելու դեպքում խոլեստերինի մակարդակը նվազում է 16%-ով, իսկ այդ նույն 2 խնձորը մեկ միջին չափի գլուխ սոխի և 4 բաժակ կանաչ թեյի հետ զուգորդելու դեպքում 32%-ով կրճատվում է սրտային նոպայի առաջացման հավանականությունը:
Խնձորը նպաստում է մարսողության կարգավորմանը և վերոհիշյալ բջջաթելերի շնորհիվ, որոնք օրգանիզմից դուրս են մղում վնասակար նյութերը, կանխարգելում է փորկապությունը:
Թարմ քերած խնձորը լուծի դեմ պայքարի լավագույն միջոցն է:
Կալիումական աղերի շնորհիվ այն հանդիսանում է թեթև միզամուղ և շատ արդյունավետ ազդեցություն է ունենում երիկամային հիվանդությունների ժամանակ: Խնձորը խորհուրդ է տրվում պոդագրայով, միզաքարային հիվանդությամբ տառապող անձանց:
Խնձորը շատ օգտակար է տարեցների համար, որոնց մոտ ստամոքսահյութի թթվայնությունը հաճախ նորմայից ցածր է լինում: Խնձորի օգնությամբ նրանց մոտ կարգավորվում է նաև աղիների աշխատանքը: