Այսօր բանաստեղծ Վահան Թեքեյանի ծննդյան օրն է
Թեքեյան Վահան Միհրանի (1878–1945), հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
Ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արեւ» օրաթերթը։
Վախճանվել է Կահիրեում 1945 թ ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։