Ադրբեջանական հերթական հիստերիան
Հերթական ադրբեջանական հիստերիան է սկսվել կապված Լիտվայի Սեյմում ԼՂՀ-ի հետ միջխորհրդարանական կապերով բարեկամության խմբի ստեղծման մասին լուրերի հետ: Ինչպես միշտ, ադրբեջանական իշխանություններն իրենց բնորոշ հիստերիկ քայլերն են ուղղել այդ նախաձեռնության դեմ: Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ստեղծված Ադրբեջան-Լիտվա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Ֆուադ Մուրադովը խմբի անունից դիմել է Լիտվայի Սեյմի Լիտվա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ժուրաս Պոզելեին: Դիմումի մեջ մասնավորապես հայտնվում է Ադրբեջանի բողոքն ընդդեմ այդ նախաձեռնության, որն ըստ իրենց ծառայում է հայկական սփյուռքի շահերին՝ ընդդեմ Ադրբեջանի, և այդ քայլերը չեն տեղավորվում միջազգային քաղաքականության և իրավունքի շրջանակներում: Սակայն պետք է նշել,որ հենց այս հիստերիայի վերածված հակահայկական պահվածքն առաջին հերթին՝ ոչ միայն չի տեղավորվում միջազգային քաղաքականության և իրավունքի շրջանակներում, այլև ընդհանրապես չի մտնում որևէ տրամաբանության մեջ: Այն երկիրը, որը պատրաստ է հարված հասցնել քաղաքացիական ավիացիային, այն երկիրը, որը համարյա ամեն օր խախտում է հրադադարի պայմանները՝ գնդակներ արձակելով քաղաքացիական բնակավայրերի վրա, այսօր խոսում է միջազգային քաղաքականությունից և իրավունքից: