Դեմքի չոր, յուղոտ մաշկի և հակատարիքային կարտոֆիլային դիմակներ
Կարտոֆիլային դիմակներ
Դիմակ դեմքի չոր մաշկի համար
Վերցրեք 2 հատ միջին մեծության կարտոֆիլ և կեղևով խաշեք: Երբ կարտոֆիլները պատրաստ կլինեն, դրանք կրակից վերցրեք, կեղևը մաքրեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է ավելացնել 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Բաղադրիչները լավ խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: Դիմակը դեմքի վրա պետք է մնա 15-20 րոպե, որից հետո այն հարկավոր է լվանալ:
Դիմակ յուղոտ մաշկի համար
Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ, կեղևը մաքրեք, միջուկն անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ չոր կաթ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, մի պտղունց կերակրի աղ և 1/2 թեյի գդալ գարեջուր: Վերցրեք 1 ձու, դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, սպիտակուցը հարեք, մինչև փրփրի, ու աստիճանաբար լցրեք կարտոֆիլային զանգվածի մեջ: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, պատրաստի դիմակը քսեք դեմքին և 25 րոպե թողնելուց հետո լվացեք:
Այս դիմակը կօգնի նեղացնել մաշկի ծակոտիները, կմաքրի մաշկը և նրան թարմ տեսք կհաղորդի:
Հակատարիքային դիմակ
Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ, կեղևը մաքրեք, եփեք ջրում և պատառաքաղով խյուս պատրաստեք: Զանգվածին ավելացրեք 1 թեյի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ կաթ և նույնքան ձիթապտղի յուղ: Լավ խառնեք: Պատրաստի դիմակը քսեք դեմքին, վրայից ծածկեք մաքուր անձեռոցիկով և թողեք 15-20 րոպե: Ժամանակը լրանալուց հետո դեմքը լվացեք:
Հակատարիքային սպիտակեցնող դիմակ
Վերցրեք հավասար քանակությամբ կարտոֆիլի կրախմալ և կիտրոնի հյութ, խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: 10-15 րոպե թողնելուց հետո կարող եք լվանալ:
Կարտոֆիլով դիմակներ անելիս նախ և առաջ կարևոր է իմանալ, թե ինչպես է հարկավոր դրանք ճիշտ լվանալ: Դրա համար նախ հարկավոր է դեմքը լվանալ տաք, ապա' սառը ջրով: Ընդ որում, չի կարելի ուժեղ տրորել մաշկը: